Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նիկոլ. բայց ոչ Սա, մեկ ուրիշը․․․ (հոկտեմբերի 5-ին ընդառաջ)

Նիկոլ.  բայց ոչ Սա, մեկ ուրիշը․․․  (հոկտեմբերի 5-ին ընդառաջ)
28.09.2023 | 12:14

Մեծատառով Պատմությանը հայտնի են Նիկոլներ, ասենք՝ Դուման, Գալանտերյան, Թորոսովիչ, այլք։ Եվ, որքան էլ անհավատալի լինի, Սա։ Բայց Սրան չեմ անդրադառնալու․ գրչիս թանաքն ափսոս է։ ՈՒզում եմ պատմել Թորոսովիչի մասին, թե ինչու՝ վերջում կասեմ։

Դեռևս 1183 թվականից հայերը Լվովում ունեին փայտաշեն եկեղեցի, իսկ 1363 թ․ երկու հայ վաճառականներ դրա տեղում կառուցեցին Ս․Աստվածածին քարաշենը։

Հաջորդ տարի՝ 1364-ին, Լվովից Սիս է հասնում Գրիգոր անունով եպիսկոպոս, ներկայանում Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսին և հայտնում, որ քաղաքի երևելիների հավանությամբ՝ ինքը պատրաստ է ստանձնել լեհահայոց առաջնորդությունը։

Մի փոքր բացատրություն։ Անիի անկումից հետո 1058-1441 թթ․ հայոց կաթողիկոսների աթոռանիստը գտնվում էր Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սսում։ Այդ առթիվ հայության մտավոր կյանքում մեծ հեղինակություն վայելող Կ․ Եզյանը գրում է․

«Կաթողիկոսական աթոռի Կիլիկիայում գտնուելը համարւում էր իբրև հանգամանքներից յառաջացած ազգային թշուառութիւն, իբրև մի ժամանակաւոր և բացառիկ երևոյթ և բացադրւում էր ազգային քաղաքական իշխանութեան ժամանակակից դրութեամբ և պայմաններով»։

Մեսրոպ կաթողիկոսի կոնդակով հիմնվում է Ռուսիայի և Վալաքիայի հայոց թեմը՝ Լվով առաջնորդանիստով, որն ընդգրկում էր վիթխարի տարածք՝ հունգարական Պեշտից մինչև Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայ-Բերքե (ներկայիս Ռուսաստանի Վոլգոգրադի մարզ)։

XVI դ․ վերջին պարսից գերիշխանության ներքո գտնվող Արևելյան Հայաստանը հայտնվեց ծայրաստիճան ծանր վիճակում։ Կեղեքված, բզկտված, աղքատության մատնված ժողովուրդը մի կերպ գոյատևում էր, իսկ Ս․Էջմիածինը պարզապես ենթարկվում էր անթաքույց կողոպուտի։ Ձգտելով հոգալ Մայր Աթոռի տարրական կարիքները, Դանիել Դ կաթողիկոսը պարտք էր վերցնում պարսիկներից և ստիպված էր լինում ժամկետից շուտ այդ պարտքը փակել 100 %-ի չափով կամ վճարել թանկարժեք եկեղեցական գույքով։ Ցանկալով ձերբազատվել կուտակված պարտքերից, դրամ հայթայթելու նպատակով՝ կաթողիկոսը 1593 թ․ աթոռակից օծեց Մելքիսեդեկ Գառնեցուն, որը գործունյա հոգևորականի համբավ ուներ։ Մելքիսեդեկը մեկնեց Կ․Պոլիս, բայց չհաջողեց։ Ապա ճանապարհվեց Սպահան, խնդրելով Շահ Աբասից, որ պարտքերը մեղմի, բայց՝ կրկին ապարդյուն։ Ավելին, Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմող Շահ Աբասը, ձգտելով թուրքերին թողնել ավերված, ամայի Հայաստան՝ 1603 թ․ տեղահանեց շուրջ 100 հազար մարդու և քշեց Պարսկաստան։

Մելքիսեդեկը ճանապարհվեց Լեհաստան և 1624 թ․ հասավ աթոռանիստ Լվով։ Վաճառականությամբ հարստացած, ծաղկուն գաղթավայրը, որն ուներ 10 հազար հայ բնակչություն, լեհ թագավորներից ստացել էր տնտեսական արտոնություններ, կրոնական, իրավական առանձնաշնորհներ, բայց իրականում ղեկավարվում էր ունևոր խավի կողմից։ Հենց այդ դասը, ցանկանալով նոր հոգևոր հովիվ ունենալ, Մելքիսեդեկին ներկայացրեց 20-ամյա աբեղա Նիկոլ Թորոսովիչի թեկնածությունը։ Մի անարժան երիտասարդի, որը քաղաքում հայտնի էր իր աշխարհիկ, պախարակելի կենսակերպով։ Բավական է ասել, որ զբաղվում էր ձիավաճառությամբ, սիրում էր գեղեցիկ սեռը, որպես օրինավոր կին անթաքույց պահում էր մի շլյախտուհու, որից ուներ երկու արու զավակ։ Ժողովուրդն ընդվզեց, բողոքի ձայն բարձրացրեց և միանշանակորեն հայտնեց դիրքորոշումը՝ չի՛ ընդունելու Նիկոլին։

Հակամարտությունը տևեց երեք տարի։ Մելքիսեդեկն անսաց ժողովրդի կամքին։ 1627 թ․ նա, գիշերով ծածուկ դուրս գալով Լվովից, Նիկոլին հետն առած, մեկնեց Սուչավա ու հաջորդ առավոտ Հաճկատար վանքում աբեղա Թորոսովիչին ձեռնադրեց եպիսկոպոս և կոնդակով նշանակեց թեմի առաջնորդ։ Նիկոլը այդպիսով դարձավ Ռուսաստանի և Վալաքիայի թեմի թվով տասներորդ հոգևոր առաջնորդը։ Եվ վերջինը․․․

Հաջորդ տարի՝ 1628-ին, Մելքիսեդեկը վախճանվեց Կամենեցում, որտեղ էլ թաղվեց։ Նիկոլը մնաց դեմհանդիման իրեն մերժող, արհամարհող հավատացյալ ժողովրդի հետ և որպեսզի պահպանի իր պաշտոնն ու աթոռը, արեց անհավատալին՝ դիմեց ճիզվիտների օգնությանը։ Կնքվեց խայտառակ, ամոթալի, կործանարար մի դաշն, համաձայն որի ճիզվիտների պաշտպանության դիմաց Նիկոլը պետք է լատինադավան դարձներ ժողովրդին ու Հռոմի պապի ենթակայության տակ դներ Լվովի չորս հայկական եկեղեցիները։

Երբ Նիկոլը սկսեց Ս. Աստվածածնի Վերափոխման եկեղեցում լատինական ծեսեր կիրառել, ժողովուրդն ըմբոստացավ և անգամ փակեց եկեղեցու դռները։ Դիմեցին Լվովի վոյթին՝ քաղաքապետին ու թագավոր Կազիմիրին՝ խնդրելով պահպանել ու հարգել իրենց կրոնական իրավունքները։ Բայց դա չօգնեց, վերջիններս վախենալով ամենազոր ճիզվիտներից և ինկվիզիցիայի ենթարկվելու սպառնալիքից՝ ձեռքերը լվացին։

Նիկոլի ու ճիզվիտների փոխհարաբերությունների հիմքում, անշուշտ և առաջին հերթին, ընկած էր նյութապաշտությունը․իր պաշտպանության համար Նիկոլը ճիզվիտներին վճարեց եկեղեցապատկան ոսկեղենով, արծաթեղենով, ականակուռ անոթներով, սրբազան սպասքով, պատարագի թանկարժեք զգեստներով:

Բռնությամբ զրկվելով լուսավորչական հավատքի ծիսակատարությամբ պսակադրություն, մկրտություն, հուղարկավորություն կատարելու տարրական հնարավորությունից, Լվովի հայությունը բռնեց գաղթի ճամփան․ բավական է ասել, որ 1642 թ․ քաղաքի հազար տնից մնաց ընդամենը հարյուրը։

Հասնելով իրենց նպատակին, Նիկոլից քաղելով ինչ հնարավոր էր, ճիզվիտները նրա հետ վարվեցին այնպես, ինչպես վարվում են բոլոր դավաճանների հետ՝ մի կողմ նետեցին ու վերջ դրեցին իրենց հարաբերություններին։

Նիկոլը զղջաց, դիմեց Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսին և 1652 թ․ նրանից զղջման թուղթ ստացավ․․․

Սատակեց 1681-ին՝ բոլոր-բոլորից լքված, մերժված, արհամարհված։

***

Ինչու գրեցի այս ամենը։ Հարգելի Ընթերցող, եթե չհասկացար՝ նորից կարդա և զուգահեռներն ինքդ անցկացրու։

Սրանով դեռ չի ավարտվելու․․․

Ողբացյա՜լ ժողովուրդ․․․

Բայց Սա երբևէ, որևէ մեկի կողմից զղջման թղթի չի արժանանա։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 32011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ